Եթե թասիբ ու նամուս ունեք, թերթերում իրար մի լափեք, եկեք հայտարարություն տվեք, եթե թեմա ունեք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդչադառնալով ազատամարտիկներին ծեծելու դեպքերին:
Նա նշեց, որ գարշանք է ներշնչում, երբ լրատվամիջոցներով են խոսում: «Եթե հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: Լրատվամիջոցներից գիտեմ, որ նստել են, իրար հետ հաց են կերել, հետո թող հիվանդ գլխից առողջների վրա չդնեն, խնդիր ունեն, թող գան հայտարարություն տան, ոչ թե թերթերում հոդվածներ գրեք: Ուրիշ ժամանակ ասում են՝ մենք կռված տղերք ենք, նամուս ու թասիբ ունեք, եթե թասիբ ու նամուս ունեք, թերթերում իրար մի լափեք, եկեք հայտարարություն տվեք»,-ասաց ոստիկանապետը:
Նշենք, որ վերջին երկու օրերին Երեւանում ծեծի են ենթարկել ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանին, Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին:




























