Թուրքիայի արտգործնախարարը վերահաստատում է իր երկրի պայմանը. հայ-թուրքական հարաբերությունները  կկարգավորվեն, եթե լուծվի Ղարաբաղի խնդիրը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով թուրքական TGRT հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդմանը, նշել է, որ առաջիկա ժամանակաշրջանը կարեւոր կլինի Կովկասի համար։  Դավութօղլուն նկատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենց համար ցանկալի արագ զարգացումները տեղի չունեցան։  Այդ համատեքստում, Թուրքիայի արտգործնախարարը կրկին ընդգծել է, որ երբ Ղարաբաղի խնդիրը լուծվի, այն ժամանակ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։

Դավութօղլուի խոսքով՝ իրենք աշխատում են կանխել հայ-թուրքական հարաբերություններում  նկատվող լարվածությունները։ «Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցը օգտակար կլինի հարաբերություններ կրկին սկսելու համար»,- նշել է Դավութօղլուն՝ ամփոփելով, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ուժեղ կամք չցուցաբերեցին՝ կարգավորելու հայ-ադրբեջանական խնդիրները։