Որոշ ուժեր, պրովոկացիաներ կազմակերպելով, Հայաստանը փորձում են վերածել «Եվրամայդանի»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Սմբատ Հակոբյանը:

«Որոշ ուժեր, չգիտեմ ում հանձնարարությունը կատարելով, չնայած գիտակցում, ենթադրում ենք ում, Հայաստանը փորձում են վերածել Եվրամայդանի կամ ուկրաինական, կամ արաբական որեւէ սցենարով: Հայ ժողովուրդն իր դարերի պատմության մեջ այնքան խոհեմ է եղել, որ չի տրվել պրովոկացիաների: Մեզ որեւէ մեկը չի կարող տանել նրան, որ մենք գնանք ուժային գործողությունների»,- ասաց ազատամարտիկը՝ անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների վրա անհայտ անձանց կողմից կատարված հարձակումներին:

Նրա խոսքով` նույն պրովոկացիանները իրականացվել են նաեւ 1988-ին, բայց ապարդյուն. «Նույն սցենարը իրականացվել  է հենց այստեղ, նույն հրապարկում, երբ օտարածին ուժեր փորձում էին նույն սցենարով մեկը մյուսի հանդեպ թշնամություն ստեղծել: Սա նույն ծրագրի հերթական քայլն է»:

Սմբատ Հակոբյանը կոչ արեց ազատամարտի մասնակիցներին դեկտեմբերի 13-ին ժամը 12:00–ին հավաքվել Եռաբլուրում:

Նշենք, որ օրեր առաջ ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը, այսօր առավոտյան էլ Սուրեն Սարգսյանը։