Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման գործում անգնահատելի է վերականգնվող էներգետիկայի դերը՝ որպես սեփական ռեսուրսների օգտագործում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցած վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով էներգետիկ համակարգի ներկա վիճակը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:
Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում նախատեսված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր ու հստակ ծրագրեր: Հայկ Հարությունյանը նշել է նաեւ, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի էներգետիկ ռազմավարության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է, եւ, այդ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով, Հայաստանում ընդունվել են մի շարք ռազմավարական եւ օրենսդրական փաստաթղթեր:
Ուսումնասիրությունների համաձայն Հայաստանը ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արեւային էներգիայի անմիջական փոխակերպման, բիոգազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը եւ հողմային էներգիայի զգալի մասը):
Այսօր վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Հիդրոէներգետիկան 2013 թվականին ապահովել է մեր հանրապետության էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի մոտ 29%-ը:
Համաժողովի բանախոսներն անդրադարձել են նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային միջավայրին առնչվող հարցերին, ոլորտի մյուս ճյուղերի՝ երկրաջերմային էներգետիկայի ծրագրի բնապահպանական եւ սոցիալական գնահատման հարցերին, ինչպես նաեւ, արեւային տեխնոլոգիաների ներդրումների հաշվարկման առանձնահատկություններին:
Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նման նախաձեռնությունները կնպաստեն տարբեր գերատեսչությունների եւ կազմակերպությունների միջեւ փոխշահավետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար:




























