Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունենում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանի հոգեհանգստի արարողությունը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը հայտնեց, որ այսօր արդեն գյուղ են այցելել Գարիկի հրամանատարները, մարզպետարանի աշխատակիցները:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետարանն իր հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ընտանիքին:
«Ընտանիքը ծանր վիճակում է եւ մենք շարունակելու ենք մեր աջակցությունն ամեն ձեւով: Նրանք մեր ուշադրության կենտրոնում են: Այսօր հոգեհանգստին մասնակցել է մարզպետարանի աշխատակազմը՝ փոխմարզպետի գլխավորությամբ»,- ասաց մարզպետը:
19-ամյա զինծառայողի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել էր զոհված զինծառայողին:




























