Իրավական դաշտը ԵՄ-ի կողմից Հայաստանի աջակցության առաջնահերթություններից մեկն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանի շուրջ հայտարարեց Հայաստանում Եվրամիության առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրք Լորենցը: Նա նշեց, որ ԵՄ-ն զգալիորեն աջակցում է հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Նա նաեւ հավելեց, որ ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Եվրամիության տնտեսական կապերը կայուն են. Եվրամիությունը ողջունում է ապրանքների որակի ենթակառուցվածքի ստեղծման Հայաստանի ջանքերը, ինչը տեղական արտադրանքին թույլ կտա ավելի հեշտ հասնել ԵՄ:
Լորենցը հիշեցրեց, որ ԵՄ-ն հայտարարել էր 2014-2017թթ. Հայաստանին 140-170 մլն եվրո տրամադրելու մտադրության մասին: Ծրագրում առաջնահերթ կլինեն դատական համակարգը, պետական կառավարումն ու մասնավոր հատվածի զարգացումը:
«Այստեղ դժվար է ինչ-որ բանի հասնել առանց անկախ դատական համակարգի եւ տնտեսական մրցակցության հստակ կանոնների: Շատ բաներ արդեն արվել են, սակայն պետք է ուղիղ ասել. Անելիքները դեռ շատ են», - նկատեց Լորենցը:



























