Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 10-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում (9-րդ կմ) բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 UV 925 եւ «Սիատ» մակնիշի 35 ST 397 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Սիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1978 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել է, իսկ ուղեւոր՝ 1988 թ. ծնված Կ. Վ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, արգելափակվել է ավտոմեքենայում: Վերջինիս հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժամը 20.35-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, այնուհետեւ հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները:




























