Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը:

Նա պատմեց, որ ազատամարտիկը իրենց փոխանցել է, որ չի պատրաստվում բողոքել, դժգոհել, որպեսզի ոստիկանությունը բացահայտի մեղավորներին: ՄԻՊ տեղակալը նշել է, որ եթե դժգոհություն ունենա իրավապահ մարմիններից, անպայման դիմի իրենց:  Այս ծեծի ենթարկելու դեպքով ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստել:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին, ապա  ՄԻՊ-ից փորձել են նրանց հետ կապվել, սակայն չի հաջողվել: «Նրանց միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հակասական էր, սկզբից գրել էին, թե ծեծել են, հետո նրանք ասել էին, թե մեզ ոչ ոք չի կարող ծեծել, ազատամարտիկների կողմից դժգոհություն էլ չկար, որ կվերաբերեր մեր իրավասությանը:  Եթե անհրաժեշտություն լինի, ապա մենք  պատրաստակամ ենք օգնել մեր լիազորությունների շրջանում»,-ասաց Արմեն Գրիգորյանը: