Ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանին, Ռազմիկ Պետրոսյանին եւ Մանվել Եղիազարյանին  ծեծի են ենթարկել ուժային կառույցների ներկայացուցիչները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ Արա Խուդավերդյանը: Վերջինի խոսքով՝ պետությունը նոր պատերազմ է սկսում ազատամարտիկների դեմ, որով քաղաքացիական պատերազմի հիմքեր է ստեղծում:

«Դեռ գամփռ չդարձած գամփռիկները ձեռք են բարձրացնում ազատամարտիկի վրա:  Նրանք փորձում են ազատամարտիկներին լռեցնել յուրովի ձևով: Հանրությունում ճանաչված «Արաբոյի» զինվորը ծեծվում է ինչ-որ բաշիբոզուկների կողմից: Եվ ի՞նչ պետք է զգա այն զինվորը, որն այսօր գտնվում է սահմանին: Ձեռագիրը չի փոխվում, դեպքերը կազմակերպում են նրանք, ովքեր կազմակերպել և իրականացրել են Մարտի 1-ը»,- ասաց ազատամարտիկ Արա Խուդավերդյանը:

«Նախախորհրդարանի» նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գագիկ Սարուխանյանի կարծիքով եւս՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկելն իշխանությունների ձեռքի գործն է:

«Այս դեպքերը չեն բացահայտվի մինչեւ ռեժիմի տապալումը»,- ասաց Սարուխանյանը:

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը նշեց, որ ազատամարտիկների նկատմամբ ոտնձգությունները բարոյահոգեբանական տեսակետից անմարսելի են հայ զինվորների համար:

«Երբ հայ զինվորը տեսնում է՝ ինչ է հաղթանակած զինվորին սպասվում, ցանկացած զինվորի համար շատ դժվար է բարոյահոգեբանորեն այս ամենը մարսել: Երեկ մի ջահել-ջիվան տղա նորից հողին հանձնեցինք, ժողովու՛րդ, մեր տղերքը իրենց լռելյայն նահատակությամբ մեզ բան են ասում: Կանգնե՛ք, բա՛վ է: Սրանք էլ հո Վոլոդյա Ավետիսյա՞ն չեն: Չի կարելի մատաղն ուտել, ոսկորը շպրտել: Էս երեխեքը մեր երեխեքն են»,- ասաց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին եւ 10-ին դիմակավորված անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին եւ Սուրեն Սարգսյանին: