Եռյակը եւ ոչ իշխանական ուժերը ռեժիմի մի մասն են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարանի» անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Սարուխանյանը՝ հորդորելով բոլորին չխաբվել կեղծ ընդդիմության իշխանափոխության կոչերին:
«Պետք չէ խաբվել կեղծ ընդդիմությանը: Մեզ համար եռյակը եւ ոչ իշխանական ուժերը ռեժիմի մի մասն են, եւ այս գործողություններով ռեժիմն ապացուցում է, որ հոգեվարքի մեջ է: Ոչ մի իշխանափոխություն էլ չի պատրաստում անել: Թող ժողովրդին չդարձնեն իրենց խաղիկների հետեւորդ: Եռյակ, դուետ, քառյակ, յոթնյակ՝ սաղ ռեժիմի ներքին խաղերն են»,- ասաց նա։
Սարուխանյանի խոսքով՝ Եռյակը, ոչ իշխանական ուժերը եւ իշխանությունը 20 տարի համագործակցում են:
«Թե՛ եռյակը (հիմա կարծես թե դուետ է դարձել), թե՛ հանրապետականները էս 20 տարի ա միասին ոչնչացրել են հայ մարդու ոգին, միասին իրականացրել են արտագաղթի պրոցեսը, հիմա ինչ-որ տեսիլք են ստեղծում ժողովրդի մեջ, թե իբր իշխանափոխություն են պատրաստում: Ժողովուրդը գիտի, որ սրանց բոլորից էլ պետք է ձերբազատվել, եւ այդ ձերբազատման ճանապարհը հստակ այսօր ցույց է տալիս «Նախախորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:




























