Ցանկացած իրավախախտում ՀՀԿ-ի համար ընդունելի չէ, դատապարտելի է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ինչպես է կուսակցությունը վերաբերվում այն փաստին, որ այսօր անհայտ անձը հարձակում է գործել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:
«Ձեզնից եմ իմանում, ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար ընդունելի չէ, դատապարտելի է` անկախ ամեն ինչից, թե որ պատգամավորի նկատմամբ է կատարվում: Խնդիրն իրավական տիրույթում է, ես չեմ ուզում առանձնացնել Ազգային ժողովի պատգամավոր, սովորական քաղաքացի»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Այսօր էլ տեղեկություններ տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել Արամ Մանուկյանը:




























