Պաշտոնական այցով  Մոսկվայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է երկրորդ տարին անընդմեջ ՌԴ մայրաքաղաքում կազմակերպվող  «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ. Հեքիաթին հյուր» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել են նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայ մի շարք գործարարներ եւ հասարակական գործիչներ: Դեսպանի հետ միասին կատարելով տոնավաճառի հանդիսավոր բացումը, Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տարածքում, ծանոթացել տաղավարներում ներկայացվող հայկական ապրանքատեսականուն: Ներկայացնելով տոնավաճառի կազմակերպման մանրամասները, Մակար Նահապետյանը նշել է, որ այս անգամ էլ մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան հավուր պատշաճի՝ տոնավաճառի այցելուներին առաջարկելով հայկական բազմատեսակ արտադրանքները, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք եւ այլ մթերքներ: Հայկական տոնավաճառում տեղադրվել է նաեւ հայկական ավանդական թոնիր, որն  այցելուներին հնարավորություն կընձեռի ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ:

Նախորդ տարի «Ճանապարհորդություն դեպի Սուրբ  ծնունդ» փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել էր «Արմենիա» տոնավաճառը: Սույնը հաշվի առնելով՝ Մակար Նահապետյանը վստահեցրել է, որ այս տարի եւս կարվի հնարավորը՝ լավ արդյունք գրանցելու ուղղությամբ:

Նաեւ նշենք, որ փառատոնի շրջանակում աշխարհի բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչների կողմից Մոսկվայի տարբեր հատվածներում բացվող ամանորյա տոնավաճառներն այս անգամ կգործեն մինչեւ 2015-ի հունվարի 12-ը: