Ռուսաստանի Դաշնության «ձեռքով» է Հայաստանը դարձել աշխարհի 3-րդ ամենառազմականացված երկիրը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Պետք է ասել, որ անցնող տարին ուղղակի բավականին բուռն էր: Արտաքին քաղաքական հարթությունում Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում: Սա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ձեռքով: Ցավալի եւ վտանգավոր իրողություն է սա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով` սա նշանակում է, որ մենք ունենք չլուծված կոնֆլիկտ, իսկ Ադրբեջանն էլ էապես ավելացնում է իր ռազմական տեխնիկան` հենց մեր դաշնակից Ռուսաստանի շնորհիվ:

«Ոչ միայն մենք ենք ռազմականացվում, այլեւ մեր հակառակորդը եւ սրա վերջաբանը գոնե այս պահին չի երեւում: Այսինքն մենք կարող ենք անվերջ շարունակել զինվել, բայց ինչի համար, հանուն ինչի: Եթե մենք գնում ենք պատերազմի, ուրեմն սա նորմալ է, սակայն եթե ցանկանում ենք բանակցային գործընթացով հարցը լուծել, ապա ռազմականացում մեզ հարկավոր չէ: Եթե պատերազմ սկսի հանկարծ, ապա դա արհավիրքի կվերածվի»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ըստ «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2014»-ի արդյունքների` Հայաստանը 3-րդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում: Ադրբեջանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: