Վերջին օրերին ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնության դեպքերի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Ինչպես հայտնի է, օրերս դեռեւս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:
Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել եւ պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ:
Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:




























