Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալին «Արթիկից» տեղափոխելու միջնորդությունը մերժել են՝ պատճառաբանելով, թե նա առողջ է: Փաստաբանը միջնորդել է նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի մանրամասն հետազոտեն Մ. Վարդանյանի գլուխը և առողջական վիճակը, որովհետև դեպքի օրը նա վնասել էր գլուխը: Դրանից բացի՝ Շիրակի մարզի դատախազությունը մերժել է քննիչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը, պատճառաբանելով, որ քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունը ստանալուց հետո անդրադարձ կկատարվի Մանվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքին: «Դատախազությունը ինքը հաստատեց, որ փորձաքննություններից հետո հայտնի կդառնա Մ. Վարդանյանի մեղավորությունը, իսկ իմ միջնորդությունը հենց կայանում էր նրանում, որ քննչական մարմինը փորձագետ չլինելով կանխակալ մոտեցում էր ցուցաբերել մեղադրելով միայն Մ. Վարդանյանին, մեղադրանքը տպելով լրատվամիջոցներում: Քննիչները կարող են տալ միայն իրավական գնահատական, այլ ոչ թէ եզրակացություն»,-հայտնեց փաստաբանը:
Նա նշեց, որ առանձնատեսակցություն է ունեցել Մ. Վարդանյանի հետ, որն ասել է, որ իրեն լավ չի զգում, ամեն օր, ամեն րոպե դեպքն աչքի առաջ է, և փաստաբանը միջնորդել է նշանակել դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու, թե Մ. Վարդանյանը գտնվելով շոկային վիճակում կարող էր տալ նմանատիպ ցուցմունք և գրել, որ խախտել է է հ /հ ճեկի-ի 96 կետի, ձև N 1-ի 2 կետի 5 ճանապարհային նշանի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը , թե ոչ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:




























