Վանաձորում կնոջ եւ դստեր ներկայությամբ տղամարդուն սպանելու փորձի համար ավելի քան մեկ տարի հետախուզման մեջ գտնվող 20-ամյա Հրայր Հ.-ն հայտնաբերվել ու կալանավորվել է:
Նշենք, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Հրայր Հ.-ն 2013-ի հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ընկերոջ հետ վեճի էր բռնվել Սեյրան Հ.-ի հետ, անցորդների դիտողություններն անտեսելով՝ հայհոյանքներով խախտել հասարակական կարգը, ապա ձեռքերով ու դանակով հարվածներ հասցրել նրան:
Չէր անսացել նաեւ վերջինիս կնոջ եւ դստեր ներկայությանն ու չհարվածելու խնդրանքներին. շարունակել էր վայրագությունը: Կյանքից զրկելու դիտավորությամբ, առանձին դաժանությամբ, բացառիկ անգթություն ցուցաբերելով, հարձակվել ու դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Հարությունյանի կրծքավանդակին ու մարմնի այլ մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս:
Նա հանցագործությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում. հարձակումը հետ էր մղել պատահական անցորդը:
Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, Հրայր Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հետախուզման աշխատանքներում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն աշխատում էին միասին, համագործակցության կար նաեւ արտասահմանյան գործընկերների հետ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ միջպետական հետախուզման մեջ գտնվող Հրայր Հ.-ն թաքնվում է Մոսկվա քաղաքում:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ եւ ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում 2014 թվականի փետրվարի 4-ին Հրայր Հ-ն հայտնաբերվել է Մոսկվայում ու ձերբակալվել, իսկ այս տարվա դեկտեմբերի 11-ին մեր քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից էտապավորվել է Հայաստան:
Ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից նրան բերման են ենթարկել Բազումի բաժին: Հրայր Հ.-ն կալանավորված է: Քննությունը շարունակվում է:




























