Դեպքը դատապարտելի է, եւ իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ՝ գործը բացահայտելու եւ մեղավորներին հանրությանը ներկայացնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ երեկ երեկոյան տեղի ունեցած հարձակմանը:
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը դատապարտող հայտարարություն տարածել:
Նա անդրադարձել է նաեւ վերջին օրերին ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստերին՝ ընդգծելով, որ այդ բոլոր դեպքերում ոստիկանությունը դեռ որեւէ բացահայտում չի արել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ երեկ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:




























