Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարների կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի վարչությքւնը:

«Ընդամենը մի քանի օրվա մեջ տեղ են ունենում հարձակումներ քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ, ինչը, բնականաբար, ոչ միայն դատապարտելի, այլեւ իր բնույթով քստմնելի երեւույթներ են: ՍԴՀԿ-ն համոզված է, որ, անկախ քաղաքական տարաձայնություններից, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի միայն եւ միայն քաղաքակիրթ ու երկխոսության ճանապարհով: Ուժի գործադրումների ժամանակն այլեւս վաղուց անցել է:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմիններն օր առաջ կբացահայտեն տեղի ունեցածը, իսկ կատարողներն ու պատվիրատուները պետք է դատապարտվեն օրենքի ամբողջ խստությամբ: Անպատժելիությունը, հանցագործությունների չբացահայտումը միայն եւ միայն նոր հանցագործություններ է ծնում, որն էլ վերաճում է անվերջ մի շղթայի»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ երեկ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան: