Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող հարձակումները մաֆիայի վերջին կամ նախավերջին ջղաձգումներն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ «սրանց ձեռքերը արյունոտ են, սրանց գրպանները, փորը լցված են ՀՀ ժողովրդի ունեցվածքով, սրանք հենց էնպես իշխանություն հանձնողը չեն»:
Նա նշեց, որ տեսնելով վերջին զարգացումները՝ իշխանությունները որոշեցին դեղին քարտ ցույց տալ ընդդիմադիր գործիչներին: «Ինչո˚ւ սկսեցին ազատամարտիկներից, որովհետեւ ազատամարտիկները իրենցից որոշակի վտանգ են ներկայացնում, նրանք այն տղաներն են, որոնք Սերժ Սարգսյանին իրենց բազկի ուժով բերեցին իշխանության: Հանձինս Մանվելի, Ռազմիկի, Սուրենի եւ մնացյալ մեր ազնվագույն հատվածի, որոնք անմիջապես ոտքի ելան եւ պաշտպանեցին իրենց հայրենիքը ոսոխներից, այսօր տմարդի հետապնդվում են այն մարդու ձեռքով, ում իրենք բերեցին իշխանության»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
ԱԱԾ պետի նախկին տեղակալն ասաց, որ «ով որ իմ նախագահին բան ասի, շան թուլի պես ականջները կկտրեմ, կգյուլեմ» արտահայտության համար փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին պետք էր անմիջապես աշխատանքից ազատել: Նրա խոսքով՝ երբ այդ ամենը ասում է պետական պաշտոնյան, գեներալի հասած մեկը, փոխոստիկանապետի պաշտոնում գտնվողը, նշանակում է՝ մենք մտել ենք պետական ահաբեկչության դաշտ, չկա սահմանադրություն, չկա օրենսգիրք եւ օրենքներ: «Սա արաբական գարունից տեսել է մարդակերների, ոգեւորվել է, 21-րդ դարն է այ տղա, խելքդ գլուխդ հավաքի, այսօր մի 10-15 ստահակ ունես, որոնք կարող են մարդ ծեծել, բա վաղը, մյուս օրը ի˚նչ ես անելու, վաղը, մյուս օրը ասելու ես, ձյաձյա ջան, ես մեղք եմ, սովորեցնում էին»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նա նշեց, որ ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանում 382 հազար սոված մարդ կա, հետեւաբար՝ այդ գեներալ կոչվածը կարող է նրանց գյուլլել: «Գնացեք քաղաքի ցանկացած վայրում կանգնեք, մտեք տրանսպորտ, տեսեք ոնց են հայհոյում Սերժ Սարգսյանին, բացի իրենից եւ մի քանի հոգուց չկա մարդ, որ չի հայհոյում, հայհոյում են ապահով Հայաստանի համար, հայհոյում են առաջ Հայաստանի համար, թող գնա գյումրեցիների 90 տոկոսին գյուլլի, որովհետեւ այնտեղ ինչ խոսել է, չի կատարել, ո˚ր խոստումն է կատարել որ չհայհոյեն, ինչ ասել է, հակառակն է արել»,-ասաց նա:
Գուրգեն Եղիազարյանը կոչ արեց գեներալ Լեւոն Երանոսյանին իր գլխավոր հրամանատարին պաշտպանել այն ժամանակ, երբ նա այլեւս գերագույն հրամանատար չի լինի եւ մի քանի հատ էլ գործ հարուցած կլինեն նրա դեմ. «Այդ ժամանակ գյուլլի, ականջ կտրի, հիմա դրա կարիքը չկա, նրան այսօր բոլորը պաշտպանում են: Լավ կլինի գյուլելն ու ականջը կտրելը թողնել նեղ օրվան, այսօր ով էլ ասես, կպաշտպանի, պաշտպանեք վաղը»:
«Այս անգամ իշխանությունները կրկին սխալ հաշվեցին եւ ՀՀ քաղաքացին ավելի ակտիվ կմասնակցի սրանց երկրից դուրս բերման գործընթացին: Այսպիսով՝ սպասենք սահմանին խժդժություններ, որպեսզի հարվածի ուղղությունը մեկ անգամ եւս փոխվի, մարդիկ չկենտրոնան ներքին խնդիրների վրա՝ սպասելով նոր պատերազմի»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան, իր տան մոտ հարձակման է ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Օրեր առաջ հարձակման էին ենթարկվել նաեւ ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, իսկ այդ դեպքից մի քանի օր առաջ էլ՝ Մանվել Եղիազարյանն եւ Ռազմիկ Պետրոսյանը:




























