Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետեւանքով, բացի 90 հոսպիտալացված սաներից, համայնքում հայտնաբերվել է 23 առողջ բացիլակիր, որոնց շարքում թե երեխաներ կային, թե մեծահասակներ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Քանի որ մանկապարտեզը ունի 450 սան, հնարավոր է նրանց մեջ լինեն բացիլակիրներ, ովքեր չեն հոսպիտալացվել կամ վարակել են ընտանիքի անդամներին՝ քույր, եղբյար, ծնողները: Տեսչությունից այցելել են նրանց տներ, հետազոտություններ են կատարել, բուժում կազմակերպել, հիվանդների օջախները ախտահանել, քարոզչություն արել:
Մանկապարտեզն առայժմ պլոմբված է, քննչականը դեռ չի ավարտել աշխատանքները, հաջորդ շաբաթ կավարտեն եւ տեսչությունը կանցնի գործի:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:




























