Կառավարությունը մինչեւ հիմա չի փոխանցել պետական սեկտորի աշխատողների հոկտեմբեր ամսվա կուտակային կենսաթոշակները նրանց անհատական հաշիվներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հաշվապահ Շողեր Բաբայանը։
«Արդեն 20 օր է, ինչ փոխանցումները արված պետք է լինեին, սակայն չկան։ Չեմ հասկանում ամեն անգամ պետք է աղմուկ բարձրանա՞, որ փոխանցումները կատարվեն»,-ասաց Շողեր Բաբայանը։
Նրա խոսքով՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների փոխանցումները, որոնք նույնպես չէին կատարվել, փոխանցվեցին միայն իրենց կողմից աղմուկ բարձրացնելու արդյունքում։
Շողեր Բաբայանը փորձել է փոխանցման ուշացման պատճառը ճշտել ֆինանսների նախարարության «Թեժ գծից», որտեղից նրան պատասխանել էին, որ ծրագրային խնդիրներ կան եւ մեկ շաբաթից փոխանցումները կլինեն։
Նշենք, որ կուտակային կենսաթոշակների համակարգում կամավոր վճարման համակարգը ներդրվում է, բայց ժամանակավոր՝ մինչեւ 2017 թվականը, եւ միայն ոչ պետական հատվածի համար, իսկ պետական հատվածի աշխատողները պարտավոր են վճարել նպատակային սոցիալական վճարներ:




























