Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, որն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել, ուղեղի ցնցում է ստացել, այժմ գտնվում է Հրազդանի բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աշոտ Փիլիպոսյանի ընկերը, որը խնդրեց անունը չհրապարակել:

Ընկերոջ խոսքերով՝ Աշոտ Փիլիպոսյանը կոտրվածքներ չունի, այս պահին դեղորայքային բուժում է ստանում:

Հրազդանի բժշկական կենտրոնից հաստատեցին այն տեղեկությունը, որ Աշոտ Փիլիպոսյանը այդ հիվանդանոցում է: Առողջական վիճակի մասին ոչինչ  չհայտնեցին՝պատճառաբանելով,  որ իրավասու չեն նման տեղեկությունը տալ: Հերթապահ բժշկի հետ խոսել եւս չհաջողվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: