Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հերքում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

«Հիվանդ  վիճակով մտել եմ իր մոտ, եկել պառկել, ոնց կարող է մարզպետն ինձ ծեծել, եթե իր հետ ջերմ հարաբերություններ ունեմ: Հիվանդ վիճակով  մտել եմ, դուրս եկել, ոնց կարող է մարզպետը հիվանդ վիճակով ծեծեր: Ավելի լավ չէր ծեծեր, քան հիվանդանայի»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը, ով այժմ էլ հիվանդ պառկած է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իրենց խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:

Սակայն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել: «Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն եւ փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն»,-ասել է Սուրեն Խաչատրյանը»: