Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը հավանաբար շաբաթվա սկզբին դուրս կգրվի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ամբողջ մարմնին սալջարդեր են, բժիշկները ապահովությունից ելնելով՝ նրան պահում են հիվանդանոցում, որպեսզի հանկարծ որեւէ մազանոթ չպայթի կամ այլ անկանխատեսելի բան չլինի: Սուրեն Սարգսյանը դեղորայքային բուժում է ստանում: Ազատամարտիկն ասաց, որ իրենց այցելել են ՀԱԿ-ից, զանգել եւ հետաքրքրվել են առողջական վիճակով «Ժառանգությունից», ինչպես նաեւ մի շարք ազատամարտիկ տղաներ, ընկերներ, քաղաքական գործիչներ:
Ազտամարտիկների, իսկ ավելի ուշ ՀԱԿ անդամներ Արամ Մանուկյանի եւ ՀԱԿ Հրազդան կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի դեմ տեղի ունեցած ոտնձգությունները նա ինչ-որ առումով կապում է իրար, բայց մի տարօրինակ բան է նկատել: «Որքան էլ Սերժին գող եւ ավազակ եմ համարում, այնուամենայնիվ, ապուշ չէի համարում, ինքը գիտի, որ էս ամբողջը կոնկրետ իր իշխանության դեմ է, դրա համար մտածում եմ՝ գուցե ինչ-որ տեղից փորձում են ինչ-որ բան սարքել վիճակը ապակայունացնելու համար»,-ասաց Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով Սերժ Սարգսյանը «ականջներ կտրել սպառնոց գեներալ փոխոստիկանապետին հոգնա է արել»:
Սուրեն Սարգսյանը հայտնեց, որ ինքը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից, ինչպես նաեւ բողոք գրելուց, քանի որ իմաստ չի տեսնում: Նա նշեց, որ «եթե ոստիկանական համակարգը մեզ մոտ լիներ, Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ական կեղծարարները կլինեին ճաղերի ետեւում»:
Անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե «թերթերում իրար մի լափեք, եկեք հայտարարություն տվեք»՝ Սուրեն Սարգսյանն ասաց. որ «ինքը շոումեն տղա է, սիրում է բարձրախոս բաներ անել, որ իր անձի շուրջ աժոտաժ լինի, դեռ չծնված՝ թիթիզ էր, ուղղակի մեղքս գալիս է»:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծեծի են ենթարկել երեք ազատամարտիկների, երկու ՀԱԿ անդամի: Ծեծի են ենթարկվել Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը. Սուրեն Սարգսյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:




























