Հարյուրավոր ազատամարտիկներ Հայաստանի տարբեր մարզերից այսօր՝ դեկտեմբերի 13-ին հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ ընթանում է «Ազատամարտիկների դաշինքի» հրավիրած համաժողովը (ֆոտոռեպորտաժ

Համաժողովից առաջ ազատամարտիկ, «Արծիվ 3» մահապարտների ջոկատի անդամ Սմբատ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք հավաքվել են՝ ստանալու ժողովրդի մանդատը իրենց հետագա գործողություններն իրականացնելու համար։

«Մենք այսօր հավաքվել ենք Եռաբլուրում՝ քննարկելու մեր առջեւ ծառացած խնդիրները: Մենք այսօր ուզում ենք մանդատ ստանալ: Մենք մի անգամ մանդատ ստացել ենք 1988 թվականին, երբ դուրս եկանք առաջին գիծ»,- ասաց Սմբատ Հակոբյանը:

Համաժողովին մասնակցում է ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, վերջերս հարձակման ենթարկված՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը,  ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ համաժողովի մասնակիցների թիվը գնալով մեծանում է, կան նաեւ ոստիկաններ:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Սմբատ Հակոբյան կոչ էր արել ազատամարտիկներին դեկտեմբերի 13-ին հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am