Իշխանությունները պատրաստվում են Արցախի  հետ կապված զիջումների գնալ, դրանով են բացատրվում վերջին օրերի հարձակումներն ազատամարտիկների վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ազատամարտիկների դաշինքի» հրավիրած հավաքին հայտարարեց «Ազատամարտիկների դաշինքի» վարչության և խորհրդի անդամ, օրերս ծեծի ենթարկված Ռազմիկ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ազատամարտիկները դա թույլ չեն տա։

«Եթե մեզանից մեկն էլ կենդանի մնա, մինչեւ վերջ կպայքարի այն անհատների դեմ, որոնք կփորձեն Արցախի հաշվին ինչ-որ գործարքների մեջ մտնել»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ իրենց հարձակումներով հնարավոր չէ վախեցնել. ազատամարտիկները ինչպես 88թ., այնպես էլ այսօր, միասնական են և զորավիգ ենք կանգնելու ազգին։

Ռազմիկ Պետրոսյանը նաեւ նշեց, որ որեւէ կասկած չկա, որ ազատամարտիկների դեմ վերջին բռնությունները փոխկապակակցված են։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ «Ազատամարտիկների դաշինքի» նախաձեռնող խմբի անդամ Սմբատ Հակոբյան կոչ էր արել ազատամարտիկներին դեկտեմբերի 13-ին հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: