Հայաստանյան բանկերի դոլար չվաճառելու հարցն օրենսդրորեն կարգավորված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա նշեց, որ եթե որեւէ բանկի վրա գրված է արժույթի կուրսը, ենթադրվում է, որ քաղաքացիները ազատորեն կարող են գնել եւ վաճառել դոլար, դրամ:

«Օրենսդրության տեսակետից իրավունք չունի բանկը չվաճառելու, բայց այս հարցը կարգավորված չէ, մասնավորապես՝  գործարքներ չանելու դեպքում չկան տույժ, տուգանքներ: Վաչե Գաբրիելյանն էլ հայտարարել է, որ պետք է այս հարցով զբաղվեն եւ կարգավորեն»,-ասաց Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում բանկերի դոլարը չվաճառելը պայմանավորված է ֆինանսական շուկայում առկա անորոշությամբ, ռիսկայնությունը մեծ է, փոփոխությունները՝ կտրուկ:

Դիտարկմանը, որ օրինակ այսօր՝ դեկտեմբերի 13-ին ՎՏԲ բանկը դոլար չէր վաճառում, տնտեսագետը դա պայմանավորվել է բանկի ռուսական լինելու հանգամանքով՝ նշելով, որ հաշվի առնելով Ռուսաստանում դոլարի սովը, բանկի քաղաքականությունը ուղղված է դոլար հավաքելուն, ոչ թե վաճառելուն: