ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի արարքն անբարոյականություն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Եռաբլուր» պանթեոնում «Ազատամարտիկների դաշինքի» հրավիրած հավաքին հայտարարեց «Ազատամարտիկների դաշինքի» վարչության և խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով իրեն եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու դեպքին։

«Ես եւ Մանվել Եղիազարյանը սկզբում մտածում էինք աղմուկ չբարձրացնենք, մտածելով, որ մի քանի բախտախնդիրներ են կանգնած այս ամենի հետեւում, բայց երբ մեր ընկեր Լեւոն Երանոսյանը մամուլում հայտարարեց, որ դրանք իր ընկերներից կամ իր շրջապատի մարդիկ են, ինձ ցավ պատճառեց, որ նա կարող է իր ընկերներին ճաշկերույթի հրավիրել, գրկախառնված բաժանվել, այնուհետեւ մարդկանց ուղարկել, կամ չդատապարտել նրանց, որոնք հարձակվում են քո ընկերների վրա: Դա առնվազն անբարոյականություն է, իսկ երբ հայտարարվեց, որ կարող է ազատամարտիկները գինովցած լինեն, կասկած չմնաց, որ այս բոլոր դեպքերը շաղկապված են»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը՝ իշխանություններին կոչ անելով սթափեցնել այն «ստահակներին», որոնք նման դեպքերով ժողովրդի մեջ վախի մթնոլորտ են ներշնչում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Երանոսյանի հետ խնջույքից հետո ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, երկու օր անց անհայտ անձիք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: