Մենք այլեւս որեւէ անօրինականություն չենք հանդուրժելու ո՛չ իշխանական, ո՛չ էլ ոչ իշխանական թևից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ազատամարտիկների դաշինքի» հրավիրած հավաքին ասաց «Արծիվ 3» մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը՝ նշելով, որ ազատամարտիկներն անցնում են կոնկրետ գործողությունների։
«Մենք այստեղ հանրահավաք չենք անում, այլ համաժողով ենք անում, փորձում ենք այսօր համախմբել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի համար: Մենք` ազատամարտիկներս, կրկին ուզում ենք և պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել հայ ժողովրդի անվտանգության և վաղվա կարևոր օրվա հետ կապված»,- ասաց նա:
Սմբատ Հակոբյանը խոսքով՝ այսօր էլ ինչպես 88թ. ազատամարտիկները կանգնած են ժողովրդի կողքին։
«Մարդիկ, ովքեր անտեղյակ են ժողովրդի հոգսից, բարձրագոչ հայտարարություններ են անում, իսկ 88-ին ձեր դիմաց կանգնած շատ շատերը հասկացան, որ ճանապարհ չկա ժողովրդին պաշտպանելու, պետք է ոտքի կանգնեն ու ոտքի կանգնեցին, եւ այսօր այստեղ նորից հավաքվելով ապացուցում են, որ նորից կարող են ոտքի կանգնել։ Բայց մեզ ձեր մանդատն է պետք, մեզ պետք է, որ ժողովուրդն ասի՝ այո, մենք այսօր անցնում ենք կոնկրետ գործողությունների, այսինքն մենք այլեւս որեւէ անօրինականություն չենք հանդուրժելու, չենք հանդուրժելու, որ խաբեն ձեզ»,- ասաց Սմբատ Հակոբյանը:




























