Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վստահ է, որ չկա որեւէ սննդամթերք, որը հնարավոր չլինի փոխարինել հայրենական արտադրության սննդամթերքով:

«Ես կարող եմ ասել այսպես. Այսօր չկա ոչ մի պարենային ապրանք, ոչ մի մթերք, որը հնարավոր չլինի փոխարինել: Օրինակ բերեմ, սեպտեմբերի 14-ին իմ ծննդյան օրն էր, ես բնականաբար, հրավիրել էի ընկերներիս ու հատուկ հանձնարարություն էի տվել, որ սեղանին լինեն բոլոր մեր սննդամթերքները: Եվ գիտեք, շատ լավ էր ստացվել»,-պատմել է Մեդվեդեւը «Նորություններ շաբաթ օրը» ծրագրին տված հարցազրույցում:

Վարչապետի խոսքով՝ սեղանին եղել է եւ հայրենական արտադրության շատ լավ որակի պանիր, եւ միս, որն արտադրում են ռուսաստանյան կենդանաբույծները: «Վերջապես, սեղանին կար Սեւ ծովից բերված ծովամթերք, որը իմ կարծիքով, չեմ վախենում գովազդ անել, միջերկրածովյանից լավն է, որովհետեւ, նրանք, բնականաբար, ավելի թարմ են ու ավելի համեղ»,-ընդգծել է Մեդվեդեւը:

ՌԴ վարչապետը որոշել է հանգստացնել ռուսաստանցիներին եւ վստահեցրել է, որ ՌԴ տնտեսությունում ամեն բան նորմալ է:

«Մենք արդեն անցել ենք ճգնաժամեր, եւ վերջնարդյունքում տեղի է ունեցել ռուբլու ամրապնդում, ուստի հիմա ամենագլխավորը չհուզվելն է, այլ ապագային նայելը»,-ասել է նա: