HSBC Armenia բանկի ակրեդիտիվը կաշվի արտադրության զբաղվողներին կօգնի մի քանի տասնյակ աշխատատեղ ունեցող գործարան բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լեդեր Արտ» (Արմավիրի մարզ) կաշվի ձեռնարկության հիմնադիր եւ տնօրեն Լեւոն Խորոզյանը: Ընկերությունը նախատեսում է մանրամեծածախ գնումներից անցնել կաշվի արտադրության գործարանի ստեղծման, որը մտադիր է բացել 2015 թվականին, Արմավիր քաղաքում:
«Կարելի է ասել, որ 25-30 տոկոսով մեզ օգնեց HSBC-ի հետաձգվող վճարով ակրեդիտիվը: Դրա շնորհիվ մենք կարողացանք սարքավորումներ գնել եւ հիմնական գումարի համար ավելի քան 2 տարի ժամկետով տարկետում ստանալ»,- նշեց Խորոզյանը:
Նրա խոսքով, տեսանելի ապագայում Հայաստանի կաշվի գերարտադրություն չի սպառնում: Տարեկան մեր երկրում կաշվի իրերի արտադրությամբ զբաղվողները (ներկայում հիմնականում զբաղվում են կոշիկի արտադրությամբ - խմբ.) շուրջ 70 մլն քառակուսի դեցիմետր կաշի են օգտագործում: 1 կգ-ից հիմնականում 14 քառակուսի դեցիմետր է ստացվում: «Այսինքն՝ մեզ 5 հազար տոննա կաշվի հումք է անհրաժեշտ: Իսկ Հայաստանում արտադրվում է 3-3.5 հազար տոննա. եթե սխալվեմ, ապա առավելագույնը 10%-ով»,- հավելեց Խորոզյանը:
Նշենք, որ նախկինում Հայաստանի կաշվի եւ կոշիկի արտադրությամբ զբաղվողները դժգոհում էին տեղական հումքի ոչ շատ բարձր որակից. քարքարոտ տարածքում բաց արոտավայրերի պատճառով անասունների մաշկը վնասվում է: Այդ առնչությամբ Խորոզյանն ասաց. «Եկեք տունը սկսենք հիմքից կառուցել, իսկ հետո արդեն խոսենք շքապատշգամբի մասին: Թող հումքը Հայաստանում մնա, այլ ոչ թե արտահանվի: Այդ հարցը եթե լուծենք, կմտածենք նաեւ մնացյալի մասին»:




























