Հայաստանի իշխանությունները եւ Կենտրոնական բանկը այդքան էլ ազնիվ չեն քաղաքացիների նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա նշեց, որ երբ դրամը արժեզրկվեց 20 դրամի սահմանում, ԿԲ-ն հայտարարեց, որ դա լավ երեւույթ է, կխթանի արտահանմանը, լրացուցիչ աշխատավայրեր կստեղծվեն, բայց չանցած մեկ շաբաթ, քայլեր են ձեռնարկում, պայքարում դրամի արժեզրկման դեմ, իսկ այս ամենը տրամաբանական շարունակություն չունի, այսինքն՝ անկեղծ ու թափանցիկ չեն ժողովրդի նկատմամբ:

Իսկ թե որքանով են արդյունավետ ԿԲ քայլերը դրամի արժեզրկման ուղղությամբ, ապա տնտեսագետը մի շարք հարցեր է բարձրացնում. «ԿԲ-ն ամեն աշխատանքային օր 6մլն դոլարի արտարժույթ է վաճառում, նախ՝ ինչի˚ վեց միլիոն, որտեղի˚ց է ընտրված սահմանաչափը, որ ներարկեն շուկա, երկրորդ՝ շուկայում առկա է արտարժույթի նկատմամբ սով, ինչքան էլ ներարկում է, պահանջարկը շատ է՝ պայմանավորված է Ռուսաստանում գնաճով, ներկրման միտումներով: Դրանից բացի՝ կան մի շարք այլ խնդիրներ՝ տնտեսական մրցունակությունը, տրանսֆերների հոսքը ՌԴ-ից, որը նվազել է»:

Արտակ Մանուկյանի կարծիքով՝ իմաստ ունի վերանայել 6մլն դոլարի չափաքանկը, փորձել հագեցնել քաղցը: Նա նշեց, որ Հայաստանի դեպքում եթե 6 մլն դոլարը չներարկվեր, դա կնպաստեր գահավիժման տեմպերի նվազելուն:

Միեւնույն ժամանակ, տնտեսագետը փաստում է, որ այժմ ԿԲ-ի քայլերը ավելի տրամաբանական են, քան արժեզրկման պարագայում, քանի որ այդ դեպքում ժողովրդի մոտ խուճապային տրամադրություն էր, ինչը սպեկուլացիաների տեղիք է տալիս: Նա կանխատեսեց, որ դեկտեմբերի 20-ի կողմերը դրամի գահավիժումը կկանգի, հավասարակշռության կետին կմոտենա, կայունության միտումներ ցույց կտա, իսկ հունվար-փետրվար ամիսներին կշարունակվի գահավիժումը: Տնտեսագետը շեշտեց, որ արտաժույթային կուրսերը շատ բաներից են պայմանավորված, չկա մի մեթոդ, որը հնարավոր է կիրառել եւ հստակ եզրակացնել, թե ինչ է լինելու: