Նախորդ շաբաթ NEWS.am-ը հրապարակել էր «Մինչեւ արտակարգ իրավիճակ չի լինում, վարչական շրջաններն արագ չեն աշխատում» վերնագրով հոդված:

Այնինչ փորձը ցույց տվեց, որ անգամ արտակարգ իրավիճակը վարչական շրջաններին չի ստիպում հավուր պատշաճի աշխատել:

Համառոտ հիշեցնենք պատմության էությունը: Սպասելով ձմռանը՝ ջրմուղկոյուղու աշխատակիցները սկսել էին փոխել  մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 89 տան բակի խողովակները: Խողովակները փոխելով՝ չէին հոգացել բակի ասֆալտապատման, լուսավորության, նախազգուշական նշանների տեղադրման մասին:

Արդյունքում արտասահմանյան մակնիշի մեքենան  «թակարդն» էր ընկել: Ղեկին նստած կինը չէր շթոփվել եւ ոստիկանություն ու ԱԻՆ էր կանչել:

Արագ կարգով սկսել են կարգի բերել բակը, եւ իհարկե,  նախազգուշական նշաններ տեղադրել: Սակայն… նշանները տեղում են մնացել մի քանի օր միայն:

Հաշվի առնելով անձրեւային եղանակը՝ հազիվ թե կարելի է հուսալ, որ բակը տեսանելի ապագայում կասֆալտապատվի: Իսկ նշանների բացակայությունը գուժում է նոր պատահարների մասին: