Հայաստանում վերջին օրերին ընթացող ազատամարտիկների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարներն ուղղակի ոճրագործություն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Արտաշատի  «Ժիրայր Մուրադ» մասնաճյուղի նոր գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով՝ երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է:

«Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ:

Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց»,-ասել է նա:

Նարեկ Գալստյանն խոսելով ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին, ընդգծել է, որ ՍԴՀԿ-ի հավատամքն է, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ուստի եւ գաղափարական ամուր հենք ունեցող ընդդիմություն՝ այլընտրանք չունի:

«Հավատացե՛ք, եթե չկա գաղափարական ընդդիմություն, ապա ցանկացած ընդդիմադիր գործընթաց ծառայում է այս կամ այն անհատի, իսկ ավելի վատ՝ օլիգարխի անձնական շահերին»,-ասել է նա: