Կոտայքի մարզի Քաղսի գյուղում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բնակիչներն աննախադեպ ակտիվություն են ցուցաբերել՝ 76 տոկոս մասնակցություն։ Քաղսեցիները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ  1996-ից սկսած իրենց համայնքում նման ակտիվ մասնակցություն չի գրանցվել. «Անգամ Ռուսաստանից են մարդիկ եկել, որ քվեարկեն»։

Նշենք, որ երկու թեկնածուներն էլ՝ Սահակ Ալեքսանյանը եւ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանը ՀՀԿ-ական են։ Գյուղացիները նշեցին, որ թեեւ Սահակ Ալեքսանյանը ընտրախատումներ է արել, եւ գյուղացիներին ընտրակաշառք բաժանել ալյուրի տեսքով, սակայն իրենք ընտրության արդյունքից դժգոհ չեն, քանի որ գործող գյուղապետը հիասթափեցրել է իր աշխատանքով։

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ին հայտնեց, որ ընտրության իրավունք ունեցող 1932 բնակիչներից քվեարկությանը մասնակցել է 1464 մարդ, 1052 ձայն հավաքել է Սահակ Ալեքսանյանը, 386 քվե՝ Սեդրակ Դավթյանը:

Հանձնաժողովը որեւէ խախտում չի արձանագրել, բնակիչներից բողոքներ նույնպես չի ստացել։