Անհատ տաքսու վարորդները պնդում են, որ եթե գազը շարունակի թանկանալ, ապա նվազագույն ուղեվարձը կհասնի մինչեւ 1000 դրամի։ Տաքսու վարորդների շրջանում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, NEWS.am-ի անցկացրած հարցախույզից պարզ դարձավ, որ սեփական մեքենաները որպես տաքսի շահագործող վարորդներին ձեռնտու չէ ներկայիս 600 դրամ նվազագույն սակագինը, քանի որ նրանք այժմ մեկ գազաբալոնի համար 600-ից 800, երբեմն նաեւ 1000-ից 1200 դրամ են վճարում։
«Մինիմալը պետք է 1000 դառնա, առաջ 170 էր մի խորանարդը, հիմա դառել ա 230։ Մի կիլոմետրը հարյուր դրամն էլ ձեռ չի տալիս։ Հաստատ մինիմալը կբարձրանա»,- նշեց վարորդներից մեկը։
Վարորդները մտավախություն ունեն, որ գազի գինն ավելի կբարձրանա։ «Ուր ա, ասում են՝ էլի ա թանկանալու, եթե տենց լինի, հաստատ պիտի մինիմալը բարձրաձնենք, թե չէ մեր օգուտն էլ ո՞րն է»,- ասաց մի վարորդ։
Հատկանշական է, որ հարցված տաքսի ծառայությունների վարորդները բացառեցին գազի գնաճով պայմանավորված նվազագույն ուղեվարձի թանկացումը։
«Մեր մոտ ձեւ չի՝ թանկանա, մարդիկ չեն օգտվի, կամ եթե թանկանա էլ տաքսիները կքչանան։ Ես քշելու եմ էն գնով, որը հարմար ա ուղեւորներին»,- ասաց տաքսի ծառայության վարորդը։
Նշենք, որ Երեւանի եւ մարզերի գազալցակայաններում գազի 1 խմ թանկացել է մոտ 50 դրամով։




























