Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18.30-ին, հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ժամը 18.30-ի դրությամբ գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած` քվորում չապահովելու պատճառով:

Նշենք, որ պատգամավորները պահանջում էին արտահերթ նիստ գումարել՝ հաստատելու Արամ Մանուկյանի դեմ հարձակումը դատապարտող հայտարարությունը եւ պահանջելու պատասխանատու պաշտոնյաներին պատժել: Նիստին ՀՀԿ-ից ոչ ոք չէր ներկայացել՝ բացի Գալուստ Սահակյանից եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից: Ներկա են եղել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները:

Նշենք, որ Արամ Մանուկյանի դեմ հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին, իր տան մոտ: Բերման էր ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել ոմն Արշակ Սվազյան: