Որքան ակտիվորեն Իրանը ներգրավվի Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացներին, այդքան կմեծանա իր համար ցանկալի ձեւով միջուկային խնդրի լուծման հնարավորությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Իրանագետի համոզմամբ՝ անցած տարի միջուկային գործընթացքում առաջընթաց կամ հետընթաց չի արձանագրվել՝ հաշվի առնելով նոյեմբերի 24-ին ձեռքբերված համաձայնությունը, ըստ որի կողմերը բանակցությունները երկարաձգելու համաձայնության կգան: «Սա, բնականաբար հույս է տալիս, որ 2015թ. լիովին հնարավոր է, որ այս խնդրին լուծում կտրվի: Այս կապակցությամբ պետք է հաշվի առնել այն շտապողականությունը, որը նկատելի է Արեւմուտքում: Մենք տեսնում ենք, որ Արեւմուտքում հաճախակիացել են խոսակցությունները, որ անհնար է Իրանի հետ մշտապես բանակցություններ վարել», - նշեց Յարալյանը: Սակայն խնդիրը պետք չէ դիտարկել  տարածաշրջանում, մասնավորապես, Իրաքում, Սիրիայում, ինչպես նաեւ հյուսիսում՝ Ռուսաստանում, տեղի ունեցող գործընթացներից կտրված: «Իմ կարծիքով, որքան Իրանը ակտիվորեն ներգրավվի Մերձավոր Արեւելքի գործընթացում, այնքան կավելանա իր համար ցանկալի ձեւով միջուկային խնդրի լուծման հնարավորությունը: Եվ որքան ինտենսիվ լինեն տարեր ոլորտներում ռուս-իրանական կապերը, այնքան հնարավոր կլինի լուծել նաեւ միջուկային խնդիրը», - ընդգծեց Ռուդիկ Յարալյանը:

Հիշեցնենք, որ Վիեննայում բանակցային կողմերը իրանական միջուկային խնդրի շուրջ համապարփակ համաձայնության ձեռքբերման բանակցությունները եւս 7 ամսով երկարաձգելու որոշում էին ընդունել: