Տեղեկատվության, իրերի ու ձայների խելահեղ հոսքի աշխարհում ավելի է դժվարանում խաղաղ անկյուն գտնելն ու ձեռքին գիրք վերցնելը: Բացի այդ, դժվար է հերքել, որ հետաքրքիր գրքերը ավելի ու ավելի քիչ են, իսկ այ անհետաքրքիր ՝ լիուլի:

Այս գրքի եւ հեղինակի մասին ես պատահաբար իմացա՝ հյուրընկալվելով ավագ ընկերոջս եւ ուսուցչիս: Եւ այսօր, եթե ինձ հարցնեն՝ ինչի մասին է այն, ապա ես կպատասխանեմ, որ այդ պատմությունը մեր մասին է, այն մասին, թե ով ենք մենք եւ ինչպիսին ենք եղել...

Սակայն այդ պատմությունը ամբողջական չէ շարադրված եւ տարօրինակ անվանում ունի՝ «Մաքառած»: Թե ինչ է նշանակում այս անվանումը, ես հարցրի հենց հեղինակին՝ Արման Ռեւազյանին:

Գրքի անվանումն իմ սեփական մտահղացումը չի, այլ այն մարդու, ով մոտ 4 հազար տարի առաջ, կազմելով գաղտանգիր, թողել է նաեւ ուղերձ այն անձին, ում կհաջողվի բացահայտել եւ կարդալ այդ գատնագիրը: Ես կցանկանայի, որպեսզի ընթերցողը հասկանար բառի բուն իմաստը գրքի վերջում:

Լավ: Գրքի կազմը նկարազարդված է խաղողի վազով: Ի՞նչ փիլիսոփայություն կա այստեղ:

Ընթերցողն ինքը դա վերջում կհասկանա, սակայն  մի փոքր ուղղություն կտամ: Այսօր ժողովրդի մեծ մասը հնագույն մանրանկարներում եւ խճանկարներում պատկերված խաղողի վազը ընկալում է որպես դեկորատիվ տարր: Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա մեծ մասը հակված է այդ խորհրդանիշը կապել Քրիստոսի հետ: - «Ես եմ ճշմարիտ որթատունկը եւ իմ հայրը մշակ է (Հովհ. 15:1):

Սակայն, առաջին հերթին, ինքը՝ Քրիտոսը, նախապատմություն ունի, բայց դա դժվար է ընկալել, եթե ամեն ինչ չափվի քրիստոնեական աստվածաբանների արշինով. խաղողի վազը խորհրդանշական իմաստ ուներ նաեւ նախքան Քրիստոսի ծնունդը ու դրանում ոչ մի հակասություն չկա: Քրիստոսը պարզապես բացատրում է՝ ով է ինքն իրականում: Նա ինքն իրեն անվանում է Որթատունկ, իսկ դա ժամանակակից հայկական ՎԱԶ բառն է: Հայոց լեզվում դրան կա հոմանիշ: Եթե ընթերցողը չալարի ու գտնի այդ բառը, ապա կիմանա՝ իրականում ով է եղել Քրիստոսը եւ ում արտադրանքն է, կամ ում գործունեության արդյունքն է խաղողի պտուղը:

Հանրությանը գրքի մասին տեղեկացնելիս «Facebook» սոցկայքում հետեւյալ գրառումն եք արել. «Բազմամյա ջախջախիչ մարտերից հետո, վերջապես «Մաքառածը» հրատարակվել է: Ու՞մ հետ էիք պատերազմել:

Ինքս ինձ հետ. եթե դուք իրապես ցանկանում եք մնայուն բան ստեղծել, ապա պետք է դառնաք սեփական անհաշտ ընդդիմադիրը ու անգամ թշնամին, ինքներդ ձեզ պատերազմ հայտարարեք: Եթե մենք արդեն սկսել ենք խոսել փոխաբերական իմաստով` ապա այն ողջ ընթացում ինչ գրվել ու գրվում է Մաքառածը, հազարավոր էջեր վառվեցին այդ պատերազմի խարույկում: Լավ է, որ ժամանակ առ ժամանակ այդ երկու կողմերի դիրքորոշումներն համնկնում են ու դրա արդյունքում հայտնվում է մի բան, որ արժանի է ուշադրության: Չնայած` անկախ արձագանքներից, ես այսօր էլ շատ բան կփոխեի:

Որքա՞ն ժամանակ եք աշխատել գրքի վրա, եւ ե՞րբ է այն առաջին անգամ լույս տեսել:

20 տարի: Առաջին հատորը հրատարակվել է վերջրես՝ 2014թ. հուլիսին: Իմիջիայլոց, այն համընկել է ծննդյանս օրվա հետ:

Քանի՞ հատոր է ծրագրվում: Հաջորդին ե՞րբ սպասել:

Ի սկզբանե ծրագրել էի եռահատոր, սակայն հիմա հստակ ոչինչ չեմ կարող ասել ոչ հատորների քանակի, ոչ հաջորդ հատորի լույս տեսնելու մասին:

Ո՞ր լեզվով է սկզբնապես գրվել ձեր աշխատանքը: Ինձ անձնապես հայտնի է ռուսական տարբերակը:

Ռուսերենով: Հայերենով գրելու համար ստիպված կլինեինք թարգմանություններ իրականացնել: Հայկական տարբերակի շուրջ արդեն աշխատում ենք:

Գրքում բացի ազգանունից եւ անունից, ձեր մասին այլ տեղեկություն չկա: Դա մտածվա՞ծ է արվել:

Աշխարհում, որտեղ ամեն ինչ հեշտությամբ գնվում եւ վաճառվում է, կարելի է ներկայանալ անգամ՝ որպես Աստված: Ես ոչ մի վաստակ չունեմ ու նույնիսկ մի մեդալ անգամ ինձ ոչ ոք չի տվել: Ես երբեք էլ չեմ ձգտել համակողմանի զարգացած մարզպետների եւ քաղաքապետների հետ համընթաց քայլել: Իմ միակ վաստակը «Մաքառած» գիրքն է ու հենց ինքն է, որ ինձ ներկայացնում է:

Դուք փառասե՞ր մարդ եք:

Ես ինձ հումորով եմ վերաբերվում:

Վերադառնանք գրքին: Նախաբանում դուք գրում եք. «Մեր աշխատանքը չի հավակնում վերին ատյանի ճշմարտության, եւ հնարավոր է, մեզ միայն թվում է, որ մենք կարողացանք տեսնել այն, ինչ մինչեւ մեզ անտեսանելի էր»: Տպավորություն է ստեղծվում, որ Դուք ապահովագրվում եք…

Վերջիվերջո ցանկացած աշխատանք որեւէ մեկի կողմից պետք է գնահատվի ըստ արժանվույն ու հաստատ ոչ հեղինակի կողմից: Ինչ վերաբերում է վերին ատյանի ճշմարտությանը, ապա եթե ես դրան հավակնեի,  հիմա ձեզ լուսանկար ցույց կտայի, որտեղ ձեռքով բարեւում եմ Աստծուն:

Գիտական շրջանակներում ինչպիսի՞ն է «Մաքառածի» արձագանքը: Որեւէ մեկը փորձե՞լ է ժխտել ձեր գրածը:

Գիտական շրջանակներում արձագանքի մասին որեւէ տեղեկություն չունեմ:

Կարող ե՞ք շարունակել: «Մաքառածն» արժանի է ընթերցման, քանի որ....

- Հետաքրքիր է:

Եկեք մի փոքր շեղվենք գրքից: Ինտերնետային ֆորումներից  մեկում դուք գրել եք. Միակ բանը, որը մարդուն խանգարում է սովորել, նրա կողմից  ստացված կրթությունն է: Կարո՞ղ եք հստակեցնել։

Կրթության ժամանակակից համակարգը մարդու մեջ խլացնում է իր անհատականությունը: Այն որոշակի կարծրատիպեր է թելադրում եւ ստիպում է խոնարհ լինել հեղինակությունների հանդեպ: Օրինակ, ուսանողը, լսելով այս կամ այն թեմայի շուրջ դասախոսություններ, չի էլ կասկածում, որ ուսումնասիրում է ոչ թե առարկան, այլ այդ առարկաի վերաբերյալ դասախոսի տեսակետը: Արդյունքում մենք կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ. մենք չունենք սեփական փիլիսոփայական դպրոց, եւ պատմական գիտությունը դոփում է միեւնույն տեղում:

Ի դեպ, կրթության մասին: Ժամանակակից հայ երիտասարդությունը ավելի քիչ տեղ է հատկացնում հայերենին եւ ավելի շատ անգլերենին: Խորապես ծանրաբեռնվելով օտար լեզվով, մենք մեր մշակույթից հեռանալու ռիսկին չե՞նք ենթարկվում:

Այլ լեզուներ սովորելու մեջ ոչ մի վատ բան չկա: Հակառակը, վաղը այն մեզ թույլ կտա ավելի որակյալ  թարգմանություններ իրականացնել օտարերկրյա գրականությունից, ինչի պակասն այսօր խիստ  զգացվում է` մանավանդ նոր գիտական աշխատությունների թարգմանություններ չկան :

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այսօր գրական լեզուն՝ լինի հայերենը կամ ռուսերենը, դարձել «ծաղրանքի» լեզու: Այսինքն մենք դրանով միայն կատակում ենք:

Շնորհիվ հեռուստատեսության եւ վատ կրթության:

Ո՞վ է հայրենասերը:

- Հաստատ ոչ նա, ով բարձր բղավում է հայրենիքի հանդեպ սիրո մասին:

Մայրենի լեզուն չիմացողը կարո՞ղ է հայրենասեր լինել:

Այո:

Ինչպե՞ս կարելի է բացատրել երկրում աճող ռուսաֆոբիան:

Իմ կարծիքով չարժե խոսել ինչ-որ ֆոբիաների մասին: Հայաստանում ռուսաֆոբիա, որպես այդպիսին, գոյություն չունի: Այստեղ խոսքն այլ բանի մասին է՝ ռուսական քաղաքականության ուղիով ընթանալու ցանկության բացակայությունն է: Պետք է նշել նաեւ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը չի ցանկանում, որ եվրոպացին այստեղ  նոր մարդու տեսակ ստեղծի, արդարացիորեն ենթադրելով,որ ինչ-որ կերպ մենք ինքներս դրանում գլուխ կհանենք: Այսինքն՝ մենք պատրաստ ենք ներմուծել այն, ինչ լավ է, բայց մեզ ենք թողնում որոշելու իրավունքը, թե որն է լավը ու որն է վատը:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա մենք բարդ իրադրության մեջ ենք հայտնվել, քանի որ թույլ ենք: Իսկ թույլ ենք, քանի որ վիճելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտության շուրջ, մեր վրա ենք զգում օտարի խումարը, այն դեպքում, երբ անհրաժեշտ է մեր ողջ էներգիան ուղղել գլխավոր խնդիրների լուծմանը՝ վերջ տալ կոռուպցիային եւ կատարելագործել կրթական համակարգը: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ուժեղ լինել ու չծալվել օտար ճնշումների տակ: Իսկ դա հնարավոր է, քանի որ ժամանակակից աշխարհում պետության ազդեցությունը  չի չափվում տարածքի մեծությամբ: Դա ապացուցում են Շվեյցարիայի, Իսրայելի եւ Սինագպուրի օրինակները:

Դուք ընտրություններին մասնակցո՞ւմ եք:

Կմասնակցեմ, երբ դա իմաստ ունենա:

Եթե հնարավորություն ունենայիք ելույթ ունենալ հայ երիտասարդության առջեւ, ի՞նչ կասեիք նրանց:

Դուք Աշխարհակալի մարտիկներն եք ու Աստծո լեզվի պահապանները:

Պատրաստեց Անի Աֆյանը