Մառախուղի պատճառով Կրասնոդարի օդանավակայանում 16 չվերթ է ուշանում, այդ թվում՝ դեպի Երեւան ուղղությամբ:

Դեկտեմբերի 16-ի առավոտյան  ուշացել է 12 չվերթների ժամանումը եւ եւս չորսի մեկնումը: Գիշերվա ընթացքում յոթ օդանավեր մեկնել են պահեստային կայաններ, հայտնում է «Բազել աերո» ընկերությունը, որը շահագործում է օդանավակայանը:

Կրասնոդարից մեկնումը հետաձգված չվերթներից երկուսը դեպի Մոսկվա են, մեկը՝ Երեւան, մյուսը՝ ԱՄԷ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամատախտակի համաձայն՝ դեռեւս գիշերը ժամանելիք չվերթը ուշանում է, իսկ այսօրվանն ընդհանրապես հանվել է:

Մառախուղը Կրասնոդարի օդանավակայանի աշխատանքը խաթարում է դեկտեմբերի լույս 14-ի գիշերվանից:

Երկու օրվա ընթացքում տասնյակ չվերթներ են հետաձգվել, դրանց մի մասը հանվել է: Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի ժամանակով ժ. 12.00 –ի սահմաններում օդանավակայանը սկսել էր սպասարկել չվերթները, սակայն երեկոյան կողմ կրկին ստիպված էր եղել դադարեցնել: