NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Մարսել Միշելսոնի՝ «Forbes» ամսագրում հրապարակված հոդվածը:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը տոկոսային դրույքաչափերը բարձրացրեց մինչեւ 17%-ի՝ փորձելով կանգնեցնել ռուբլու անկումը՝ կապված նավթի գների անկման եւ ուկրաինական ճգնաժամի պատժառով արեւմտյան պատժամիջոցների հետ: Չնայած դա ցույց է տալիս, որ ՕՊԵԿ-ի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համատեղ գործողություններն ազդեցություն են ունենում եւ կարող են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դրդել զիջումների գնալ եւ օգնել ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը, խաղի ավարտը կարող է վտանգավոր լինել:
Գների աճը բացասաբար է անդրադառնալու բոլոր ռուսաստանցիների կյանքի վրա, եւ նրանք կարող են կա՛մ ամրապնդել Պուտինի դիրքերը, կա՛մ դժվարացնել նրա իշխանության գլուխ մնալը: Այդ իմաստով կարելի է հասկանալ ռուսական պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններն այն մասին, որ Արեւմուտքը փորձում է գահընկեց անել Պուտինին: Ամեն դեպքում, Պուտինին փոխարինող ակնհայտ թեկնածու չկա, իսկ Դմիտրի Մեդվեդեւի վերադարձը կամ Կրեմլի շրջանակից որեւէ մեկի նշանակումը երկրի քաղաքականությունը կտրուկ չի փոխի:
Վտանգը նրանում է, որ Պուտինը կարող է իրեն պաշարման մեջ զգալ եւ ագրեսիվ գործողություններն ուժեղացնել Ուկրաինայի արեւելքի սահմաններից դուրս, իսկ ռուսական բանակը կարող է ակտիվացնել գործողությունները՝ ՆԱՏՕ-ի արձագանքը սադրելու համար: Հարկավոր է խուսափել դրանից:
Ռուբլին անկում է ապրում երկու պատճառով: Երկուսն էլ տնտեսական են, որոնք առաջացել են քաղաքական դրդապատճառներով: Հենց այստեղ էլ կարող է թաքնված լինել լուծումը: Պատժամիջոցների հարցը գրեթե երկակի է. եթե Ռուսաստանը զիջումների գնա, Արեւմուտքը կարող է թուլացնել ճնշումը:
Ամեն դեպքում, Եվրոպան կարող է երկար ժամանակ չպահպանել պատժամիջոցները, քանի որ նրան ռուսական խոշոր տնտեսությունն անհրաժեշտ է՝ որպես շուկա եւ մատակարար: Եվրոպայի տնտեսությունը նույնպես անկում է ապրում: Այն աճի կարիք ունի՝ աշխատատեղերի եւ պետական ֆինանսների ապահովման համար:
Նավթի գների հարցն ավելի բարդ է: Դրանք անկում են ապրում, քանի որ նավթի պահանջարկը նվազում է տնտեսական աճի դանդաղ տեմպերի, ինչպես նաեւ այն պատճառով, որ ՕՊԵԿ-ը չի նվազեցնում արդյունահանումը: Մասնավորապես, Սաուդան Արաբիան ամուր է կանգնած այդ հարցում: Նավթի գների անկումը հարվածում է Ռուսաստանին, բայց նաեւ ԱՄՆ-ին եւ նավթարդյունահանման արդյունաբերությանը:
Դիվանագիտական բանակցությունները կարող են լուծել Ուկրաինայում տիրող իրավիճակի խնդիրը եւ ազդել ՕՊԵԿ-ի վրա: Դրանք պետք է սկսվեն, քանի դեռ Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ խաղաքարտի վրա դրված է ավելին, քան արեւելյան Ուկրաինայի ինքնիշխանությունը:



























