ՀՅԴ-ն որոշել է փոխզիջման գնալ այլ քաղաքական ուժերի հետ՝ ղեկավարվելով պրագմատիկ նկատառումներով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտողությանը:
Նա նշել է, որ քաղաքական ու հասարակական գործիչների դեմ ուղղված բռնությունները դատապարտող հայտարարության ներկա խմբագրությունը այնքան էլ չի համապատասխանում ՀՅԴ դիրքորոշմանը: «Չկարծեք, որ մենք ամեն ինչի հետ համաձայն ենք: Ավելին ասեմ. Մենք կցանկանայինք այլ հայտարարություն տեսնել, բայց մենք գիտակցում ենք, որ առաջարկում ենք ոչ թե ՀՅԴ հայտարարությունը, այլ ողջ խորհրդարանի: Նշանակում է, մենք պետք է հաշվի առնենք այլ ուժերի կարծիքը, եթե ցանկանում ենք, որ հայտարարությունն ընդունվի»,-ընդգծել է Ռուստամյանը:
«Մենք դատապարտում ենք նման անընդունելի գործողությունները եւ պետք է այդ գիտակցումը ամրագրել որպես էթիկայի նորմ»,-հավելել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ բոլորի հետ ամեն գնով պայմանավորվելու փորձերը արժեզրկում են խորհրդարանական ուժերի հայտարարությունը. «Հետեւաբար ես դեմ եմ քվեարկելու»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:




























