Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո փետրվարի 14-ին աշխատանքից հեռացված՝ «Մետրոպոլիտենի» երեք աշխատակիցների գործով դատական քննությունը վերսկսվել է, թեեւ նախորդ դատական նիստին դատաքննությունն ավարտվել էր, եւ այսօր պետք է հրապարակվեր վճիռը:
Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝դեկտեմբերի 16-ին, դատավոր Սիմիզար Հովսեփյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է վերսկսել գործի քննությունը, քանի որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել ապացույցները եւ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքերի բացահայատումը:
Նշենք, որ աշխատանքից ազատված 3 աշխատակիցները՝ Սեւակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը, դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը եւ փոխհատուցել չաշխատած ամիսների դիմաց:
«Մետրոպոլիտենի» ներկայացուցիչներն էլ պնդում են, որ աշխատակիցները իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, քանի որ գրանցամատյանում թերի են գրառումներ կատարել մեքենայի տեխնիկական վիճակի մասին, գրանցումներ են արել չկատարած գործողությունների մասին, մեքենախցիկ են ներս թողել օտար անձանց:
Գործի քննությունը շարունակվեց առանց հայցվոր կողմի փաստաբան Քրիստինա Գեւորգյանի, դատավորը հարցեր ուղղեց պատասխանող կողմին՝ «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչ Արտակ Երեմյանին:
Քանի որ, ըստ «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչների, աշխատակիցները հեռացվել են, որովհետեւ գրանցամատյանում գրառումներ են արել, բայց չեն կատարել արձանագրած գործողությունները, դատավորին հետաքրքեց, թե արդյոք նկատողություն ստացել է այն վարպետը, որը ստորագրելով աշխատակիցները կատարած գրառումների դիմաց, հաստատել է, որ այդ գործողությունները, աշխատանքները կատարվել են:
«Կոնկրետ այս աշխատանքները ստուգել, ընդունել է այդ վարպետը. նա որեւէ նկատողություն ստացել է՞, թե՞ շարունակում է աշխատել: Չէ՞ որ նա է պատասխանատու, նա է աշխատանք ընդունել: Դուք ե՞րբ եք պարզել եւ ի՞նչ ձեւով՝ գրանցված աշխատանքները կատարված են, թե ոչ»,- հարցրեց դատավորը:
«Մետրոպոլիտենի» ներկայացուցիչ Արտակ Երեմյանը չպատասխանեց այս եւ մի քանի այլ հարցերի՝ ասելով, որ այդ հարցերին ավելի ճշտգրիտ կպատասխանի իրենց մյուս ներկայացուցիչը, որն այսօր չէր ներկայացել դատարան:
«Մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցները դատարանին հայտեցին, որ իրենց վարպետը նկատողություն չի ստացել եւ շարունակում է իր աշխատանքը: Նրանց խոսքով՝ իրենք վարպետից երբեւէ նկատողություն չեն ստացել եւ նա միշտ գոհ է եղել իրենց աշխատանքից:
Դատավորը Մետրոպոլիտենի ներկայացուցչին հարցրեց, թե ինչու գրանցամատյանում եւս որեւէ դիտողություն եւ նկատողություն վարպետը չի կատարել, եթե աշխատանքից ազատված աշխատակիցները բազմիցս թերացել են:
Ներկայացուցչը պատասխանեց, որ եթե որեւէ նշում եւ նկատողություն մատյաններում առկա չէ, դա չի նշանակում, որ դրանք չեն եղել:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը չէր կարողանում պատասխանել դատավորի որոշ հարցերի եւ անհրաժեշտ էր համարում մյուս ներկայացուցչի ներկայությունը:
Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 11-ին «Դեմ եմ»-ի ակցիային մասնակցելուց երկու օր հետո «Մետրոպոլիտենի» ղեկավարությունը անվստահություն է հայտնել երեք աշխատակիցների աշխատանքի վերաբերյալ և գործից ազատել: Հայցվոր կողմը պնդում է, որ իրենք 15 տարվա աշխատանքային փորձի ընթացքում անգամ մեկ գրավոր զգուշացում չեն ստացել թերի աշխատանքի վերաբերյալ: Մինչդեռ նախորդ նիստին՝ մայիսի 31-ին, «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչ Սամվել Մնացականյանը հայտնեց, որ 3 աշխատակիցներն էլ դեռ հունվարի կեսերից սկսած թերացումներ են ունեցել եւ բանավոր կերպով զգուշացվել են։




























