Թող իշխանությունն իր թշվառ սցենարը գոնե միջակ դարձնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակվողին ներկայացնելով որպես «հայրենասեր», որը իբր դրանով հայրենիքն է պաշտպանել, գռեհկության գագաթնակետն է: «Գտեք գոնե միջակ սցենարիստներ, որ ձեր շոուն գոնե միջին մակարդակի հասցնի»,-ասել է Զոհրաբյանը:

«Այդուհանդերձ, թող իշխանությունը չմտածի, որ ուժը կարող է բոլորին ծնկի բերել: Գործողությունների ուժի դեմ կա հակազդեցության ուժը: Նյուտոնի օրենքն է»,-իր խոսնք է ամփոփել պատգամավորը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: