Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Թուրքիայի Մարդին քաղաքի քուրդ քաղաքապետ Ահմեդ Թուրքը 1915-ի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից։

Թուրքական Marksist.org կայքի փոխանցմամբ՝ Շվեդիայի Սիգտունայի քաղաքապետարանի հրավերով Ստոկհոլմում գտնվող քրդական «Դեմոկրատական հասարակությունների կոնգրես»-ի նախկին առաջնորդ, Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը ելույթով հանդես է եկել կազմակերպված մի սեմինարում։

«Միջագետքը եւ Անատոլիան միմյանց հետ միասին ապրող տարբեր ժողովուրդներով են հարուստ, սակայն ամբողջ աշխարհը գիտի, որ այստեղ ապրած ժողովուրդները ցեղասպանության են ենթարկվել եւ ուծացվել։

1911-ին «Իթիհաթ վե թերաքի» (Երիտթուրքեր-խմբ) կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին եւ պատմական որոշում կայացրեցին՝ քչացնել քրիստոնյաներին, սունի դարձնել ալեւիներին եւ ուծացնել քրդերին։

Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդը օգտագործվեց։ Մենք դեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մեր եղբայրների ցավը»,-ասել է Ահմեդ Թուրքը՝ ներողություն խնդրելով հայերից, ասորիներից եւ եզդիներից։