Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում մոռանալ այն ժամանակները, երբ Հայաստանում մարդուն ազատ խոսելու համար ծեծում էին, երբ ազատ խոսելու համար թերթեր էին փակում: Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի արտահերթ նիսում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստի քննարկման ժամանակ:
Նա կոչ է արել իր գործընկերներին՝ ուսուցչի, դատավորի կամ դատախազի դեր չստանձնել:
«Ուզում եմ գոնե այսօր հնարավորինս կոռեկտ արտահայտվենք, չպետք է դասեր տանք: Որոշ պատգամավորների ելույթներից կարելի է ենթադրել, որ մենք 20 տարի հետ ենք գնացել և հայտնվել ենք 20-րդ դարավերջում»,-ասել է նա:
«Մի´ փորձեք ավելի հայրենասեր ձևանալ: Մենք մեր աչքի փուշը չենք տեսնում, ուրիշի աչքի գերանն ենք ցույց տալիս: Հարգելի´ պատգամավորներ, քաղաքականությունը նաև փոխզիջման արվեստ է: Ւնձ համար անընդունելի է այն մոտեցումը, որ եթե իմ ստորագրությունը չկա այս նախաձեռնության տակ, այն ինձ պետք չէ: Սա դեպի ոչինչ տանող ճանապարհ է»,-նշել է Շարմազանովը՝ նկատելով, որ Հայաստանում միշտ էլ խնդիրներ են եղել, երբ մրցակցությունը վերածվել է թշնամանքի: «Գործը հասել է նրան, որ որոշ մարդիկ մի ամբողջ 72 հոգանոց խմբակցության այս դահլիճից մեղադրում են հանցագործության մեջ: Սա անընդունելի է»,- նշել է նա:




























