Խորհրդարանի անատամ հայտարարությունը ամոթ կլինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Արցախյան պատերազմի մասնակից, կամավոր ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելը ամոթ է: Մարդի մի քանի տարի սահմանապահ գնդի հրամանատար է եղել: Այսպես յուրաքանչյուր սպա կմտածի. Պաշտոնաթող լինելուց հետո ինձ էլ են փողոցում ոտքի տակ գցելո՞ւ»,-հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի դեմ հարձակմանը, Ջհանգիրյանն ասաց, որ դեպքից մի քանի րոպե անց դիտել է հարձակման տեսագրությունը ոստիկանների հետ միասին: Մանուկյանի տան մոտ տեղադրված տեսախցիկի ձայնագրության մեջ պարզ երեւում է, թե ինչպես նրա մուտք մտնելուց 30 վայրկյան առաջ այնտեղ է մտնում անհայտ անձը: «Պետք չի փորձագետ-քրեագետ լինել, հասկանալու համար, որ նրան հետեւել են, իսկ դա նշանակում է խմբակային հանցագործություն, ինչը խստացնում է մեղքը»,-հավելել է Ջհանգիրյանը:
«Հետո հանցագործը հարվածում է ձախ ձեռքով: Դրանից առաջ բռնցքամարտիկի դիրք է ընդունում: Հարվածելուց հետո չի նայում, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ գիտի իր հարվածի ուժը: Իսկ դա նշանակում է, որ հանցագործությունը դիտավորյալ բնույթ է կրում»,-ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Վերջապես, նույն գիշերը Արամ Մանուկյանը տոմոգրաֆիա է անցել եւ նրա մոտ ուղեղի ցնցում են արձանագրել: Դրանից հետո չգիտես ինչու թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք է առաջադրվում, որի պատիժը մինչեւ 2 տարի է: Իսկ եթե ապացուցվում է խմբակային հանցագործությունը, մինչեւ 5 տարի է»,-հայտարարել է Ջհանգիրյանը:
Այդքանից հետո իշխանությունն ուզում է համոզել, որ այսպիսի հայտարարություն ընդունենք, որտեղ ընդհանուր արտահայտություններ են, որոնք ոչ մեկին չեն մեղադրում: «Նման հայտարարություն ընդունել, նշանակում է հովանավորել մեղավորներին»,-ասել է նա:




























