Անհասկանալի է, ինչու է ընդդիմությունն իրեն թույլ տալիս հայհոյել մայրերին ու կանանց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մի վիարվորեք մարդու սրբությունները: Դա անընդունելի է, ուղղակի անընդունելի է»,-հայտարարել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ եթե խոսքը երկրի բարձրագույն ղեկավարության մասին է, ապա ոչ ոք երբեք իրավունք չունի իրեն նման արտահայտություններ թույլ տալ: Բայց ընդդիմությունը դրա վրա ուշադրություն չի դարձնում, իսկ հետո պահանջում է փոխոստիկանապետի հրաժարականը, որը շատ ավելի քիչ բան է իրեն թույլ տվել»,-հայտարարել է Բաղդասարյանը:

«Մենք դատապարտում ենք նրանց, որոնք հարցերը բռունցքներով են լուծում, մենք դատապարտում ենք նրանց, որոնք հրապարակավ վիրավորում են մարդու արժանապատվությունը»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: