Ազատամարտիկների դաշինքի անդամ Սուրեն Սարգսյանը համոզված է, որ Հայաստանի գործող իշխանությունները, ազատամարտիկներին բռնության ենթարկելով, փորձում են երկիրն ապակայունացնել: Այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում մեկ շաբաթ առաջ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքը հստակ չգիտի, թե ում պատվերով են իրեն ծեծի ենթարկել:
«Ամիսներ շարունակ հետեւում էին ինձ, չգիտեի` Գորիկ Հակոբյանի տղերքն են, թե ուրիշինը: Այդ օրը ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր կազմակերպված, սեւ ֆորմով էին, մտածեցի, որ ինձ ձերբակալում են, դրա համար քայլեր չձեռնարկեցի: Ինձ փորձեցին ապակողմնորոշել` տալով Թոխմախի Մհերի անունը, բայց եթե խնդիր լիներ, ապա մենք ընդհանուր ծանոթների միջոցով կարող էինք կապվել եւ հարցը քննարկել: Դեպքից հետո տարբեր մարդիկ մոտեցան` ասելով, թե Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ, սլաքներն ուղղեցին քոչարյանական ժամանակների վրա: Ես դեմ չեմ` կարող է ինքն էլ լինի»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով` սա երկիրն ապակայունացնելու ձեւ է, այս կերպ իշխանությունները ցանկանում են, որ ազատամարտիկները թուրն ու թվանքը վերցնեն եւ աջ ու ձախ գնդակահարեն. «Բայց դա չի լինի, մենք մեր երկիրը չենք ապակայունացնելու»:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին վաղ առավոտյան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Վերջինս տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այդ դեպքից օրեր առաջ էլ բռնության էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը: Դեկտեմբերի 11-ին էլ իրենց շենքի մուտքում հարձակման էր ենթարկվել Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:




























