Ազատամարտիկների դաշինքի անդամ, դեկտեմբերի 10-ին ծեծի ենթարկված Սուրեն Սարգսյանը համոզված է, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը «ընկել է Վարդան Ավետիսյանի ջրերը»` հայտարարելով, որ ինքը՝ Սուրեն Սարգսյանը ազատամարտիկ չէ

«Բաղմանյան Հայկազն այն տարիներին շատ շնորհքով գործ արեց, որ մեր զինվորականները կարողացան զենք հայթայթել N զորամասից: Չեմ հասկանում, թե ինչու է նման բան ասել: Հայկազ Բաղմանյանին պատիվ չի բերում Վարդան Ավետիսյանի ջրերն ընկնելը»,- այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին Եռաբլուրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկազ Բաղմանյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են վերջին շրջանում ծեծի ենթարկում ազատամարտիկներին, ասաց. «Ո՞վ է ասում, որ ազատամարտիկներին ծեծի են ենթարկում, հենա չլսեցիք, ասում են, որ իրենց չեն ծեծել, իրենք էլ կարծեմ հայտարարեցին, որ չեն ծեծել: Բայց Սուրեն Սարգսյանը ազատամարտի՞կ ա, Շուշիում ինչ-որ բան է արել... էդ իրանցից հարցրեք»: